Վարարումներ՝

Գետավարարում

Գետի ջրային ռեժիմի փուլ, որը տվյալ կլիմայական պայմաններում կրկնվում է ամեն տարի միեւնույն ժամանակ, առաջանում է ձնհալքի կամ ձյան ու սառցադաշտի համատեղ հալման հետեւանքով եւ բնութագրվում է առավելագույն ջրայնությամբ, հորդացած եւ տեւական ջրի մակարդակի բարձրացմամբ, տվյալ գետի բացարձակ առավելագույն ելքի 90 տոկոսից ավելիի դեպքում` աղետալի։ 

Ջրածածկում

Գետրավարարման ժամանակ տարածքների ծածկումն է ջրով։

Հեղեղում

Տարածքների ջրածածկումն է, որը կարող է առաջանալ հորդացման, գետավարարման, սառցակուտակման, սառցակապության, գետաբերանում ջրի ավելացման ժամանակ գետի ջրի բարձրացման հետեւանքով, ինչպես նաեւ ջրատեխնիկական կառույցների ճեղքման դեպքում։ 

Սելավ 

Ավերիչ մեծ ուժ ունեցող սրընթաց հոսք է, որը բաղկացած է ջրի եւ փուխր բեկորային ապարների խառնուրդից, հանկարծակի առաջանում է ոչ մեծ լեռնային գետերի ավազաններում ուժգին անձրեւների կամ ձյան բուռն հալման, ինչպես նաեւ քարակարկառների եւ անցկալների ճեղքման հետեւանքով։


Հանրապետությունում հեղեղումների եւ սելավների առաջացմանը նպաստում են`

1. ջրոլորտի վրա մարդու գործունեության ազդեցության ակտիվացումը,
2. պոտենցիալ վտանգավոր եւ անօտարելի տարածքներում արտադրական, տնտեսական եւ բնակելի օբյեկտների տեղադրումը եւ շահագործումը,
3. հեղեղումների կանխատեսման ելակետային տվյալների եւ մեթոդների ոչ բավարար ճշտությունը ,
4. հեղեղատարների, սելավատարերի եւ հիդրոտեխնիկական կառուցվածքների ոչ բավարար տեխնիկական դրությունը,
5. կանխարգելիչ համալիր միջոցառումների իրականացման նպատակով ֆինանսավորման միջոցների անբավարարությունը։

Հեղեղումները հանրապետությանը հասցնում են ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի վնասներ։


Ուղղակի վնասներից են`

1. բնակելի եւ արտադրական շենք շինությունների, երկաթուղային եւ ավտոմոբիլային ճանապարհների, կամուրջների, էներգամատակարարման եւ կապի գծերի, ջրամատակարարման եւ գազամատակարարման խողողվակաշարերի վնասումը կամ ավերումը,
2. գյուղատնտեսական բերքի եւ կենդանիների ոչնչացումը,
3. հումքի, կիսաֆաբրիկատների, վառելիքի, սննդամթերքի, կենդանակերի, պարարտանյութի, պատրաստի արտադրանքի քշումը, փչացումը եւ ոչնչացումը,
4. չհեղեղվող տարածքներ բնակչության եւ նյութական արժեքների տարահանման համար կատարված ծախսերը,
5. վթարավերականգնողական աշխատանքների եւ վերանորոգման համար կատարվող ծախսերը,
6. հողի բերքատու շերտի լվացումը եւ այլն։


Անուղղակի վնասներից են`

1.սննդամթերքի, շինանյութի, կենդանակերի ձեռք բերման եւ տուժած շրջաններ տեղափոխման համար կատարված ծախսերը,
2. բնակչությանկյանքի պայմանների վատթարացումը,
3. տարածքների ռացիոնալ օգտագործման անհնարինությունը,
4. վնասի փոխհատուցումը կամ պետական աջակցության ցուցաբերումը։


Հեղեղումների ժամանակ կարող են առաջանալ նաեւ խոցման երկրորդային գործոններ`

1. հրդեհներ (էլեկտրական գծերի կամ մալուխների կտրման եւ կարճ միացման հետեւանքով)
2. շենքների եւ շինությունների փլուզում (ջրի հոսքի անմիջական ազդեցությամբ եւ հիմքի լվացման հետեւանքով)
3. մարդկանց եւ գյուղատնտեսական կենդանիների հիվանդություններ (խմելու ջրի եւ սննդամթերքի աղտոտման հետեւանքով) եւ այլն։ 

Վերջին շրջանի ջրառատ տարիներից մասնագետներն առանձնացնում են 2004-ն ու 2007-ը։ 2004 թվականին գարնանային հեղեղումներից ու սելավներից տուժեցին բոլոր մարզերը, հասցված վնասի չափը կազմեց մոտ 1.5 մլրդ դրամ, իսկ  2007-ին` 2.2 մլրդ։  

- Տարերային այս վտանգն ամբողջությամբ կանխելն, ինչ խոսք, անհնար է, բայց կարելի է այն կանխարգելել, հետեւանքները մեղմել,- ասում է ՀՓԾ ԲՏՊՎ Տարերային աղետների բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կարեն Հովհաննիսյանը,- Ամեն տարի Հայաստանի փրկարար ծառայությունն իրականացնում է հնարավոր հեղեղումների կանխարգելիչ միջոցառումներ։ Մեր նախաձեռնությամբ մեր տարածքային ստորաբաժանումների կողմից մշակվել են մարզպետների, Երեւանի քաղաքապետի` հեղեղումների հնարավոր հետեւանքներեւի ռիսկի նվազեցմանն ուղղված որոշումների նախագծեր, որոնք արդեն ընդունվել են։ Ստեղծվել են մարզային հանձնաժողովներ, ուսումնասիրվել են գետերի հուները։ Սրանք ամենամյա միջոցառումներ են, որպեսզի բացահայտենք վտանագավոր տարածքներն ու անհրաժեշտ աշխատանքի ծավալները։ Համայնքապետերին հանձնարարվել է կատարել իրենց համայքով անցնող գետերի, սելավատարերի հուների ուսումնասիրություն, հնարավորության սահմաններում հունի մաքրում, ափապաշտպան կառույցների ամրացում, բարձրացում կամ կառուցում։ Շատ դեպքերում այդ աշխատանքները կապված են ֆինանսական մեծ ծախսերի հետ, եւ հնարավոր չի լինում դրանք ամբողջ ծավալով իրականացնել։

2007 թվականին կառավարության որոշմամբ գետերի ջրերի, սելավների վնասակար ազդեցությունից բնակչության, պետության գույքի եւ տարածքների պաշտպանության պետական լիազոր մարմին է ճանաչվել Գյուղատնտեսության նախարարությունը։ Այն մշակել է "Բնակավայրերը, տնտեսական արժեք ներկայացնող տարածքները եւ բնակչության գույքը վարարումների ու սելավների ռիսկից պաշտպանելու միջոցառումների" ծրագիր։ Այն դեռ քննարկման փուլում է։ 
Այդ գործում իր աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի փրկարար ծառայությունը` տրամադրելով անհրաժեշտ տեղեկատվություն, թե որոնք են վտանգավոր տեղամասերը, որտեղ ինչ կանխարգելիչ աշխատանքներ են անհրաժեշտ իրականացնել։ Ծրագրում ընդգրկված է մոտ 300 համայնք, 450 տեղամասում անհրաժեշտ է կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել։ Ելնելով վտանգավորության աստիճանից` Փրկարար ծառայության փորձագետներն առանձնացրել են առաջնահերթ եւ երկրորդական տեղամասեր։ Առաջնահերթ տեղամասերում առաջարկվել է կանխարգելիչ միջոցառումներն իրականացնել մինչեւ վարարումների սկելը, այսինքն` դրանք պետք է արվեին նախորդ տարվա աշնանը, պատմում է ՀՓԾ ԲՏՊՎ Տարերային աղետների բաժնի պետ Կարեն Հովհաննիսյանը։ 

Գյուղնախարարության ծրագրերով 2009 թվականին  Արարատի մարզում նախատեսվել է իրականացնել Վեդի գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Եղեգնավանից Ուրցաձոր ընկած հատվածում, Հրազդան գետի հունի մաքրում եւ ափերի ամրացում Հովտաշեն համայնքի տարածքում, Արմավիրի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում, Տավուշում Աղստեւ գետի հունի մաքրում  եւ ափերի ամրացում Դիլիջանի հատվածում։ 

ՀՀ համայնքների 2009 թվականի բյուջեներով հակահեղեղային կանխարգելիչ միջոցառումներ են նախատեսված Երեւանում, Շիրակի, Լոռու, Վայոց Ձորի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի մարզերում։  

Կանխարգելիչ միջոցառումները սկսված են։ Գեղաքունիքի Գանձակ համայնքում 1250 մ երկարությամբ արդեն մաքրվել է Գավառագետի հունը, Արագածոտնի Վադենուտ եւ Ալագյազ համայնքներում կատարվում են գյուղամիջյան սելավատարերի մաքրման աշխատանքներ, Երեւանի Էրեբունի համայնքում կատարվել է հեղեղատար ցանցերի եւ գետերի հուների մաքրում։

Այս տարի Արագածոտնի Վարդենուտ գյուղում եւ Գեղարքունիքի Նորակերտ համայնքում արդեն գրանցվել են ջրածածկման, սելավի դեպքեր։


Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը