Ի՞ՆՉՆ է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՂԲԻ ԲԻԶՆԵՍԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Հնէաբանների համար նշանակալի գիտական աղբյուր է քաղաքակրթությունների թողած աղբը, որն այլ կերպ անվանում են «մշակութային շերտ»: Դժվար է ասել, թե ինչ կարծիք կկազմեն ապագայի հնէաբանները մեր քաղաքակրթության մասին` պեղելով Նուբարաշենի աղբանոցը, սակայն փաստ է, որ աղբահանության կառավարումը մեր երկրի համար դարձել է օրհասական խնդիր։Անշուշտ, զարգացումն ու աղտոտումն անբաժան են միմյանցից, սակայն եթե նույնիսկ հնարավոր չէ խուսափել աղտոտումից, ապա առնվազն պետք է փորձել նվազեցնել այն: Աղբի դեմ «պայքարը» բիզնեսի մի տեսակ է, որը կարիք ունի համակարգման և, ինչու չէ, նաև խթանման: Այնուամենայնիվ, այսօր բազմաթիվ գործոններ խանգարում են մեզ ունենալ մաքուր քաղաք և ապագա սերունդների առաջ կանգնել պարզ ճակատով:

ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ



Աղբահանության և աղբի վերամշակման խնդիրներն արդյունաբերական հասարակարգի ձևավորման անփոխարինելի բաղադրիչներից են: 50 տարի առաջ մարդկությունը չուներ բջջային հեռախոսներ և համակարգիչներ, հետևաբար և չկար դրանց օգտահանման (ուտիլիզացիայի) խնդիրը: Սակայն այսօր, երբ տեխնոլոգիաների բարոյական մաշվածքը զգալիորեն ավելի արագ է ֆիզիկականից, խնդիրը դառնում է առավել քան արդիական: Արևմտյան տնտեսության զարգացման համար անհրաժեշտ է սպառման մշտական աճ, հետևաբար` գնված բջջային հեռախոսը, մեքենան, համակարգիչը պետք է կարճ ժամանակահատվածում փոխվեն նոր տեսակներով: Սակայն էներգիայի պահպանման սկզբունքի նմանությամբ հինը չի կարող ուղղակի անհետանալ: Այն կա՜մ պետք է վերամշակել, ինչը հաճախ բավական թանկ հաճույք է, կա՜մէլ պարզապես թաղել աչքից հեռու, ինչն առաջացնում է զգալի էկոլոգիական վնասներ: Nokia և Ericsson ընկերություններն իրենց գրասենյակների կամ գործընկեր կազմակերպությունների միջոցով ամբողջ աշխարհում սպառողներից հետ են հավաքում օգտա գործված բջջային հեռախոսները` դրանք վերամշակելու նպատակով: Բջջային հեռախոսների վերամշակմամբ զբաղվող բրիտանական Regenersis ընկերության FoneBack ծառայությունը բրիտանացիներից ձեռք է բերում օգտագործված բջջային հեռախոսներ և վերավաճառում դրանք զարգացող երկրներում, որտեղ «նոր հեռախոսները շատ թանկ են»: Արդյունքում շահում են բոլորը` թե՜ բրիտանացիները, որ խուսափեցին բնությանը վնաս տալուց և նույնիսկ վարձատրվեցին դրա դիմաց, թե՜ զարգացող երկրների բնակիչները, որոնք ստացան էժան հեռախոս ձեռք բերելու հնարավորություն: Իսկ թե ինչ կլինի այդ հեռախոսների հետ զարգացող երկրներում, երբ նրանք դուրս գան շահագործումից, արդեն բրիտանացիներին այդքան էլ չի հուզում:
Սակայն եթե աղբի վերամշակումը զարգացած երկրների համար հիմնախնդիրներից մեկն է, զարգացող երկրներն աշխատում են այս հարցերը շրջանցել: Վերջին հաշվով էքստենսիվ տնտեսական աճը հաշվի չի նստում առաջացող բացասական հետևանքների հետ: Հայաստանում, մասնավորապես Երևանում, դեռևս լուծված չէ նույնիսկ աղբահանման օպտիմալ կազմակերպման խնդիրը, ուր մնաց մտածել աղբի վերամշակման մասին: Այսօր Հայաստանը ձգտում է դառնալ ոչ ավել, ոչ պակաս զբոսաշրջության տարածաշրջանային կենտրոն, սակայն դժվար թե եվրոպացի բարձրաճաշակ զբոսաշրջիկներն առանձնակի գոհունակությամբ խոսեն մայրաքաղաքի փողոցների մաքրության մասին: Ասում են նաև, որ մեր քաղաքի աղտոտվածության հիմնական պատճառը մեր իսկ քաղաքացիներն են: Անշուշտ, այստեղ կա որոշակի ճշմարտություն, սակայն գերմանացին ավելի մաքրասեր չէ, քան հայը, պարզապես այնտեղ աղբահանումն իրականացվում է պատշաճ մակարդակով:

ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԴՐՍՈՒՄ

Աղբի (թափոնների) կառավարման առկա քաղաքականությունները դասակարգելիս Արևմուտքում օգտագործվում է Աղբի հիերարխիայի (Waste Hierarchy) գաղափարը, որն անմիջականորեն կապված է 3R-երի (Reduce, Reuse, Recycle) տեսության հետ: Ըստ այս տեսության` թափոնների կառավարման ամենանախընտրելի տարբերակը դրանց քանակի կրճատումն է (Reduce): Այս նպատակով սպառողներին խորհուրդ է տրվում ձեռք չբերել այնպիսի արտադրանք, որի օգտագործման արդյունքում առաջանում են չվերամշակվող թափոններ: Նույն սկզբունքով արտադրողներին խորհուրդ է տրվում խուսափել թափոններ առաջացնող ապրանքների արտադրությունից: Եթե, այնուամենայնիվ, հնարավոր չէ կրճատել թափոնների ծավալը, ապա խորհուրդ է տրվում վերաօգտագործել դրանք (Reuse): Իր նախընտրելիությամբ երրորդ տեղում է թափոնների վերամշակումը (Recycle): Այս դեպքում թափոնները ոչ թե «հանձնվում են հողին», այլ, ենթարկվելով վերամշակման, նորից ներգրավվում են արտադրության մեջ: Եթե թափոնները հնարավոր չէ կրճատել, վերաօգտագործել կամ վերամշակել, ապա աղբը, կուտակվելով հատուկ նախատեսված վայրերում, այրվում է` վերածվելով էլեկտրաէներգիայի: Թափոնների կառավարման ամենաքիչ նախընտրելի տարբերակի դեպքում այն ընդամենը կուտակվում է աղբանոցներում: Թափոնների կառավարման վերջին տարբերակը թերևսամենաէժան և ամենատարածվածն է աշխարհում: Սակայն նույնիսկ աղբանոցները պետք է աշխատեն հատուկ չափանիշներին համապատասխան, հակառակ դեպքում նրանք դառնում են վտանգավոր շրջակա միջավայրի համար:
Հայաստանում աղբահանությունն ավելի շուտ ընկալվում է որպես զուտ հասարակական բարիք: Ճիշտ է, բնակչությունից գանձվում են աղբահանության վճարներ, սակայն դրանից օգտվում են թե՜ վճարողները և թե՜ չվճարողները, ընդ որում` վճարումն իրականացվում է` անկախ թափոնների ծավալներից: Աշխարհում այսօր կիրառվում են աղբահանման այնպիսի մեխանիզմներ, որոնք թափոնների կառավարման ծախսերը դնում են դրանք արտադրողների վրա: Արտադրողը դառնում է պատասխանատու իր ապրանքի կենսական ցիկլի բոլոր շրջանների, այդ թվում` շահագործումից հետո առաջացող օգտահանման համար` ներառելով դրա հետ կապված ծախսերն ապրանքի շուկայական արժեքի մեջ: Վերոնշվածի առավելություններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուրը վճարում է միայն իր կողմից արտադրված թափոնների օգտահանման (ուտիլիզացիա) համար, ընդ որում` վճարումն իրականացվում է արտադրված թափոնների ծավալին համամասնորեն: Այս դեպքում աղբահանությունը դադարում է լինել զուտ հասարակական բարիք, այսինքն` երբ դրանից օգտվում են և՜ վճարողները, և՜ չվճարողները: Մի շարք երկրներում ֆի զիկական անձանց համար գործում է «Վճարիր աղբը նետելիս» (PAYT-Pay As You Throw) սկզբունքը: Այս դեպքում անձը ձեռք է բերում հատուկ աղբի համար նախատեսված, տարբեր տարողությամբ տոպրակներ, որոնց գինն էականորեն տարբերվում է սովորական տոպրակների գնից, այսինքն` դրանց մեջ ներառված են այդ վճարները, կամ վարձակալում է աղբամաններ: Սկզբունքը շատ պարզ է, արդար և արդյունավետ` շատ աղտոտողը վճարում է շատ: Համակարգը կարողանում է ստիպել մարդուն կրճատել թափոնները` «հարվածելով» անմիջապես մարդու գրպանին:

ՀԱՆՐԱՅԻՆ ԲԱՐԻՔԸ` ԲԻԶՆԵՍԻ ՈԼՈՐՏ

Այն, ինչ հանդիսանում է ծախս մեկի համար, անպայման եկամուտի աղբյուր է մեկ ուրիշի համար: Արևմտյան գրեթե բոլոր երկրներում թափոնների կառավարումն իրականացվում է մասնավոր ընկերությունների կողմից. բացառություն չէ նաև Հայաստանը: Սակայն եթե Արևմուտքում կան ոլորտում ձևավորված ստանդարտներ, համապատասխան օրենսդրական դաշտ, Հայաստանը դեռևս գտնվում է անցումային փուլում: Այնուամենայնիվ, 2009թ. Համաշխարհային բանկի դրամաշնորհով գերմանական «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերությունը պատրաստեց «Մասնավոր հատվածի մասնակցությամբ Երևան քաղաքում կոշտ թափոնների կառավարման համակարգի զարգացման վերաբերյալ» խորհրդատվական ուսումնասիրությունը, որը նպատակ ուներ ներկայացնել աղբահանության ոլորտում առկա հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկել ոլորտի կարգավորման և զարգացման նոր մեխանիզմներ: «Ֆիխտների» զեկույցը, ինչ խոսք, մեծ նշանակություն ունի համաշխարհային փորձի կիրառման տեսակետից, սակայն ոչ պակաս կարևոր է նաև այն, որ արտասահմանում նման գործունեության փորձ ունեցող մեր հայրենակիցներն այսօր սկսում են աշխատել մայրաքաղաքի աղբահանման ոլորտում: «Մենք զբաղվում ենք աղբահանությամբ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում: Լավ ծանոթ ենք այս բիզնեսին և որոշեցինք նույնն անել նաև Երևանում»,-ասում է Արաբկիր համայնքում աղբահանություն իրականացնող «ԷկոԱր» ընկերության բաժնետեր Գիտուն Բաղդասարյանը: Վերջինիս կարծիքով` Լատվիայի և Հայաստանի միջև կա երկու զգալի տարբերություն: Նախ` Հայաստանում չկա ոլորտի զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական դաշտ, և հետո` Հայաստանում աղբահանության սակագներն զգալիորեն ավելի ցածր են, ինչը, բնականաբար, նվազեցնում է բիզնեսի շահութաբերությունը: Ըստ «Ֆիխտների» զեկույցի` Երևանի համայնքներում աղբահանման սակագները տատանվում են 100-200 դրամի (մարդ/ամիս) սահմաններում` կազմելով միջինը 140 դրամ: Պատշաճ աղբահանություն իրականացնելու համար աղբահանության սակագինը, ըստ «Ֆիխտների», պետք է կազմի 320-480 դրամ: «Արաբկիր համայնքում աղբահանման համար գանձվող 200 դրամը շատ քիչ է: Որպեսզի մեր ներդրումներն արդարացվեն, աղբահանության սակագինը մեկ մարդու հաշվով պետք է կազմի 450-500 դրամ»,-ասում է «ԷկոԱր» ընկերության տնօրեն Արա Դանիելյանը: 2009թ. «Ֆիխտների» պատվերով հայկական IPSC կազմակերպության իրականացրած սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած Երևանի բնակչության մեծ մասը կողմ է ոլորտի բարեփոխումներին, սակայն կողմ արտահայտվածների միայն 66%-ն է պատրաստ վճարել բարեփոխումների համար: Մյուս կողմից` հարցումը ցույց է տալիս, որ բնակչության կողմից աղբահանման ամենաարդար սակագինը համարվում է միջինը 140 դրամը, սակայն հետազոտության արդյունքներով`հարցվածների մեծ մասն ըն դունելի է համարում մինչև 300 դրամ սակագինը: Աղբահանության բիզնեսի կայացման մյուս խնդիրը բնակչությունից վճարների հավաքագրումն է: Ըստ զեկույցի` հավաքագրման ցուցանիշները բավական ցածր են` միջինը մինչև 56%: «Մենք որևէ լծակ չունենք բնակչությանն ստիպելու վճարել աղբահանության համար: Ցանկալի կլիներ, որ համայնքներն զբաղվեին աղբահանության վճարների հավաքմամբ և վճարեին մեզ մեր ծառայությունների դիմաց»,-ասում է Ա. Դանիելյանը: Բնականաբար, եթե աղբահանությունը շահույթ չի բերելու, պետք չէ սպասել ոլորտում ո՜չ արդյունավետության աճի և ո՜չ էլ նորարարությունների: Իր գործունեության առաջին վեց ամսվա ընթացքում «ԷկոԱրն» իրականացրել է մինչև 1.5 մլն դոլարի ներդրում: Դրա միջոցով ներկրվել են նոր մեքենաներ և սարքավորումներ, ինչպես նաև հին աղբարկղերը փոխարինվել են եվրակոնտեյներներով: «Մենք մասնակցելու ենք Երևան քաղաքի աղբահանման համար սպասվող մրցույթին, որի արդյունքներով Երևանը բաժանվելու է երկու օպերատորների միջև: Եթե հաղթենք մրցույթը, կներդնենք ևս 3 մլն դոլար»,-ասում է Ա.Դանիելյանը:
«Ֆիխտների» գնահատմամբ` ամենաբարենպաստ սցենարի դեպքում 2027թ. Երևանում տարեկան կարտադրվի մոտ 420 000 տոննա աղբ: Գ. Խաչատրյանի կարծիքով` միայն Նուբարաշենի աղբավայրը չի կարող բավարարել մայրաքաղաքի պահանջարկը: Նախնական շրջանում Երևանին պետք է առնվազն երկու աղբավայր` յուրաքանչյուրը 500 000 տոննա տարողությամբ: Ապագայի մասին խոսելիս Ա. Դանիելյանը նաև նշում է, որ նրանք պլանավորում են կառուցել սեփական թափոնակուտակիչը (աղբավայրը)`իր աղբի վերամշակման գործարանով: Նման գործարանի կառուցումը, ըստ Ա. Դանիելյանի, կարժենա 45-50 մլն եվրո:

ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ

Եթե անդրադառնանք Աղբի կառավարման հիերարխիային, ապա Հայաստանը գտնվում է բուրգի ամենաստորին հատվածում, ասել է թե` իրականացնում է ամենաքիչ նախընտրելի քաղաքականությունը: Երևանից աղբը դատարկվում է Նուբարաշենի թափոնակուտակիչում: Մնալով արևի տակ` աղբը նեխում է` արտադրելով մեթան գազ, որը զգալի վնաս է պատճառում շրջակա միջավայրին: Հաճախ աղբահանող ընկերությունները, տրանսպորտային ծախսերը կրճատելու նպատակով, քաղաքի տարբեր ծայրերում ձևավորում են իրենց աղբանոցները: Սակայն աղբի նման օգտագործումը ոչ միայն բնապահպանական վնաս է հասցնում հասարակությանը, այլև ռեսուրսների վատնում է` դրանց խիստ սահմանափակության պայմաններում: Դրանով իսկ մենք հերքում ենք քարից հաց քամող ազգի մեր համբավը: Վերջին հաշվով, վերամշակված թափոնները կարող են արտադրության հումք հանդիսանալ պոլիէթիլենի, ապակու և արդյունաբերության մի շարք այլ ոլորտներում:
Մյուս կողմից` Երևանի քաղաքացիներից շատերի կողմից աղբահանությունը դիտվում է որպես զուտ հասարակական բարիք: Եթե նույնիսկ ես չեմ վճարում աղբահանության համար, կարող եմ աղբը հանգիստ դնել փողոցում. միևնույն է, այն կհավաքեն: Նման մոտեցման պատճառով ոլորտը դուրս է մնում մասնավոր բիզնեսի ուշադրությունից: Այնինչ մասնավոր ընկերությունների ներդրումները խիստ օգտակար կարող էին լինել ոլորտի համար` թե՜ ներդրումների և թե՜ նորամուծությունների տեսակետից: Հետևաբար, ոլորտի զարգացման և, վերջապես, մաքուր քաղաք ունենալու համար մնում է մի բան` ստեղծել այնպիսի օրենսդրություն և ենթակառուցվածքներ, որ աղբահանումը դառնա շահութաբեր բիզնես։

Ստատիստիկա


Օնլայն ընդհանուր: 1
Հյուրեր: 1
Օգտվողներ: 0

Կայքի ժամը